Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ ստիպված կլինի «ավելի ուժեղ եւ հստակ պատասխան» ցույց տալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Փհենյանի դեմ:

«Եթե ԱՄՆ-ն շարունակի առճակատման դիրքորոշումը, ԿԺԴՀ-ն ստիպված կլինի ավելի ուժեղ եւ հստակ արձագանքել դրան»,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցչի՝ հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Նրա խոսքով՝ հիպերձայնային հրթիռների վերջին արձակումներն «ինքնապաշտպանության իրավունքի իրականացում» էին։ «Հյուսիսային Կորեայի կողմից նոր տեսակի զենքի վերջին մշակումն ազգային պաշտպանական կարողությունների արդիականացմանն ուղղված նրա ջանքերի միայն մի մասն էր»,- ասվում է հայտարարության մեջ: «Դրանք (արձակումները) ուղղված չեն եղել որեւէ երկրի կամ ուժի դեմ եւ որեւէ վնաս չեն հասցրել հարեւան երկրների անվտանգությանը», - ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ ներկայացուցչն ԱՄՆ-ի գործողություններն «ակնհայտ սադրանք» է անվանել եւ մեղադրել Վաշինգտոնին «իրավիճակը միտումնավոր սրելու մեջ»։ «Սա ցույց է տալիս, որ թեեւ ԱՄՆ ներկայիս վարչակազմը շեփորում է դիվանագիտության եւ երկխոսության մասին, այն դեռ կլանված է ԿԺԴՀ-ի մեկուսացման եւ ճնշման իր քաղաքականությամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Մինչդեռ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային հորդորել է զերծ մնալ հետագա սադրանքներից եւ փոխարենը երկխոսություն սկսել։

Հունվարի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակող միջոցներ է կիրառել Մոսկվայում գրանցված «Փարսեկ» ընկերության եւ ԿԺԴՀ-ի հետ կապված յոթ անձանց նկատմամբ:

Այս քայլը ձեռնարկեց այն բանից հետո, երբ Փհենյանը երեքշաբթի նոր մշակված հիպերձայնային հրթիռ արձակեց: Սա արդեն երկրորդ նման փորձարկումն է մեկ շաբաթվա ընթացքում։