Ամերիկյան Tesla-ն հայտարարել է որոշ ապրանքների դիմաց Dogecoin կրիպտոարժույթի ընդունման մասին։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Իլոն Մասկի ստեղծած էլեկտրամոբիլների արտադրության ձեռնարկության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընկերության խանութ-սրահում ներկայացված են հագուստ, աքսեսուարներ, մեքենաներ և այլ իրեր։ Կրիպտոարժույթով գնման համար մատչելի ապրանքները նշված են հատուկ պատկերակով: Tesla-ի կայքը նշում է, որ Dogecoin-ի միջոցով կատարված գնումները չեն կարող վերադարձվել, փոխանակվել կամ չեղարկվել: Ընդգծվում է նաեւ, որ առցանց խանութը այլ կրիպտոարժույթների հետ չի աշխատում:

Ինքը՝ Իլոն Մասկը, ուրբաթ Twitter-ում գրել է, որ Tesla-ի արտադրանքն «այժմ կարելի է գնել Dogecoin-ով»: Ավելի վաղ նա իր միկրոբլոգում բազմիցս դրական էր արտահայտվել Dogecoin-ի մասին:

Կրիպտոարժույթը թվային արժույթի տեսակ է, որի ստեղծումը հիմնված է կրիպտոգրաֆիկ մեթոդների վրա։ Նման համակարգերի գործունեությունը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա՝ ապակենտրոնացված տվյալների բազա, որտեղ տեղեկատվության պահպանման սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: