Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) որոշում է կայացրել Ուկրաինային եւ Վրաստանին ընդունելու մասին, բայց ժամկետները չի որոշել։ Այս մասին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Ուկրաինան արդեն դիմել է միանալու խնդրանքով, եւ մենք որոշել ենք աշխատել այդ ուղղությամբ՝ աջակցելով նրա բարեփոխումներին, օգնելով զինված ուժերի արդիականացմանը ըստ մեր չափորոշիչների։ 2008թ. մենք որոշեցինք, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան [ՆԱՏՕ] անդամներ, բայց չսահմանեցինք, թե երբ»,- ասել է Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ Ուկրաինան հիմա շատ ավելի բարձր պաշտպանունակություն ունի, քան 2014թ.։ Գլխավոր քարտուղարը նաեւ հիշեցրել է, որ հավաքական պաշտպանության սկզբունքը տարածվում է միայն ՆԱՏՕ անդամ պետությունների վրա։ «Բայց Կիեւն առայժմ ՆԱՏՕ-ի մեջ չի մտնում։ Դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը տարածվում է միայն ՆԱՏՕ անդամների վրա»,- հիշեցրել է նա։ Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ կազմի մեջ ընդունելու որոշումը Ուկրաինայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության 30 մասնակից պետությունների հարցն է։