Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ հունվարի 14-ին, ընթանում է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։
Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։
Թափուր տեղերում առաջադրվելու են դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները։
NEWS.am-ը տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Ի դեպ, միության նախագահի պաշտոնում առաջադրվելու է նաեւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։