Ադրբեջանցիների կողմից երեկ՝ հունվարի 13-ին առևանգված, ապա մի քանի ժամ անց հայկական կողմին փոխանցված 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանի առողջական վիճակը լավ է, նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Դեպքը եղել է 15։30-ի սահմանում։ Հովիվը ոչխարիներին արածեցնելիս շփոթվել է ու անցել իրենց տարածք։ Չորս թուրք եկել են, հովիվին ու իր ոչխարներին տարել։ Հովիվի աչքերը կապել են ու ավտոմեքենայով տարել ներքև, իրենց մոտ մի վայր կա՝ Մալիբայ, մենք էլ Ծիծեռնավանք ենք ասում, այնտեղ աչքերը բացել են, վրացական չայ և օղին են առաջարկել»,- պատմեց Ղուլունցը։

Ղուլունցի խոսքով՝ մեկ այլ հովիվ տեսել է՝ ինչպես են Սուրիկ Մաթևոսյանին ադրբեջանցիները տեղափոխում։

«Տեսել է ու զանգահարել մեզ։ Մենք էլ վայրկյանների ընթացքում կապվել ենք ռուսական հրամանատարության ու մեր սահմանապահների հետ,  իրար հետ համագործակցելով, մոտ երեք ժամվա ընթացքում հովիվին հետ ենք բերել»,- ասաց Դավիթ Ղուլունցը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանցիները հովիվի հանդեպ բռնություն չեն գործադրել. «Հովիվի առողջական վիճակը լավ է, մարմնի վրա կապտուկներ չկան»։

Դավիթ Ղուլունցը հավելեց, որ ոչխարներին վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները նախօրեին՝ հունվարի 13-ին, Սյունիքի մարզի Տեղ համայնքից ոչխարներին արածեցնելու ժամանակ առեւանգել են հովիվին եւ նրա մոտ 400 ոչխարներին։ Մի քանի ժամ անց հովիվը փոխանցվել էր ռուսական, ապա հայկական կողմին։