Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ից գազի սակագինը վերանայելու հայտ է ստացել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Հայաստանի ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն ասաց, որ հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հարցը քննելու համար, սակայն, հաշվի առնելով, որ, ըստ դիմումի, առաջարկվում է. ապրիլի 1-ից սկսել գազի գնի ճշգրտումը՝ ելնելով կալորիականությունից, ապա ՀԾԿՀ նիստը կարող է ավելի շուտ տեղի ունենալ:

«Որպեսզի դիմումը բավարարվի եւ փոփոխություններն ապրիլի 1-ից ուժի մեջ մտնեն, նիստը պետք է կայանա մարտի 1-ից ոչ ուշ։ Բայց եթե մինչ այդ Հանձնաժողովը չավարտի ուսումնասիրությունները, ապա նիստն ավելի ուշ կկայանա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է գազի սակագնի վերանայման խնդրանքով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

2022 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում եւ 177.53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: