«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագնի փոփոխման հայտի հիմքում ներառել է միայն կալորիականության հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 14-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Նա ավելացրել է, որ սակագնի վրա ազդող այլ գործոնները հայտում չեն ներառվել։

«Հանձնաժողովը պետք է հաշվի առնի նաեւ դրանք»,- նշել է Ուլիխանյանը։

Պաշտոնյան հիշեցրել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի տարբերակում սպառողներին ըստ ինչ-որ կարգերի։

«Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը (ամեն ինչ անփոփոխ կմնա, թե՞ կկիրառվի այլ մոտեցում)  կընդունի ՀԾԿՀ-ն շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա։ Մենք միշտ տարբերակված մոտեցում ենք ցուցաբերել՝ հաշվի առնելով սպառման ծավալները, սոցիալական խմբերի վիճակը, տնտեսության ճյուղերի զարգացման անհրաժեշտությունները»,- ավելացրել է նա։

Քննարկումը, նրա խոսքով, տեղի է ունենալու այն հարցի շուրջ, որը վերաբերելու է սոցիալապես խոցելի անձանց, ջերմոցային տնտեսություններին եւ վերամշակող ձեռնարկություններին։