Բերձորի 69-ամյա բնակիչն այսօր՝ հունվարի 14-ին, մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի Ներքին գործերի նախարարությունից։

«Մեր նախնական տեղեկություններով՝ բնակիչը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Այս պահին բանակացություններ են ընթանում բնակչին վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց նախարարությունից։

NEWS.am-ի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ բնակիչը հավանաբար անցել է Բերձորի այն հատվածը, որը պատերազմից հետո անցել էր Ադրբեջանի տիրապետության տակ։

«Նախկին բնակավայր, որտեղ ինքն ապրել է նախքան պատերազմը եղել է հյուսիսային թեւում»,- նշեց Ալեքսանյանը։

Քիչ անց հայտարարություն տարածեց Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը․

«Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ

Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: