Երեւանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում երեկ՝ հունվարի 13–ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված վարորդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Այրվածքային շոկով եւ շնչուղիների այրվածքներով պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ամեն ինչ արվում է նրա առողջական վիճակի կայունացման համար։ Ստացած այրվածքները 2–րդ, 3–րդ, 4–րդ կարգի են»,– ասաց Կարինե Բաբայանը։

Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր նաեւ հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նա ծխահարվել էր, այսօր դուրս է գրվելու հիվանդանոցից։

Հիշեցնենք՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։

Այրվել են հարակից շենքի բնակարանների պատուհանները եւ 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր:

Արտաշիսյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատարին ու բռնկվել (ֆոտո)