Հունվարի լույս 11-ի գիշերը 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի առևտրի սրահի ապակիները կոտրել և ներս են մտել: Տեղեկությունն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ առևտրի սրահի պահպանությունը վստահված էր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժնի ծառայողներին, որոնց հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն փողոցի բնակիչ, 39-ամյա տղամարդը, գողություն կատարելու նպատակով, ոտքով կոտրել էր սրահի դռան ապակին, մտել ներս ու գողություն արել:

Ահազանգից հինգ րոպե անց տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնը:

Վնասի չափն ու դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: