ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ Ղազախստանում իրավիճակը բարելավվում է, բեկում է տեղի ունեցել, սակայն երկրի իշխանությունները դեռ շատ աշխատանք ունեն անելու։

«Ասել, որ այժմ իրավիճակը նորմալացել է, հավանաբար, այնքան էլ ճիշտ չի լինի»,- շաբաթ օրը «Բելառուս 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա պարզաբանել է, որ արտակարգ դրությունը Ղազախստանի դեռ բոլոր շրջաններում չի հանվել։

«Բայց միեւնույն ժամանակ իրավիճակը բարելավվում է, բեկումն արդեն կատարվել է։ Եւ կարելի է ասել, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի»,- ասել է Զասը։ Սակայն նա կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները, առաջին հերթին՝ իրավապահ մարմինները, դեռ շատ աշխատանք ունեն անելու։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղազախստանում խաղաղապահների եւ տեղի բնակիչների միջեւ ոչ մի հակամարտություն չի եղել։

Նրա խոսքով, Ղազախստանում գործել են լավ կազմակերպված խմբեր, որոնք ահաբեկչական նպատակներ են հետապնդել, կիրառվել է նախապես պատրաստված զենք։