ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղազախստանում կազմակերպության անդամ երկրների գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների գնահատականներում քաղաքականացում կա։

«Սա (քաղաքականացումը - խմբ.), ըստ երեւույթին, կա։ Այո, հիմա հարաբերությունները բարդ են, օրինակ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ու արեւմտյան այլ երկրների միջեւ, բարդ երկխոսություն, նույնիսկ ինչ-որ առճակատում։ Իհարկե, այն գործողությունները, որոնցում ներգրավված է Ռուսաստանը... նույնպես կքաղաքականացվեն»,- շաբաթ օրը «Բելառուս 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեկնաբանելով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ԱՄՆ արձագանքը՝ Զասն ասել է, որ չգիտի Ղազախստանի հետ կապված Վաշինգտոնի ծրագրերը եւ արձագանքի պատճառները։ Պատասխանելով Ղազախստանը Ռուսաստանից եւ հետխորհրդային երկրներից պոկելու ԱՄՆ-ի հնարավոր ցանկության մասին հարցին՝ գլխավոր քարտուղարն ասել է, որ «Ղազախստանն անկախ պետություն է՝ իր արտաքին քաղաքականությամբ, որը հավասար հարաբերություններ է կառուցում բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի»։

«Ինձ թվում է, որ դրանք (նման ենթադրությունները-խմբ.) հերյուրանք են։ Եթե նա (ԱՄՆ-խմբ.) մեծ ներդրումներ է կատարել Ղազախստանում, ապա նա պետք է ավելի շատ շահագրգռված լինի այս պետությունում կայունության եւ անվտանգության ապահովման մեջ»,- հավելել է նա։