Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավը, որը հունվարի 7-ին մտել է Վրաստանի տարածքային ջրեր, փոթորկի պատճառով չի կարողանում լքել Բաթումի նավահանգստի ջրային տարածքը, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«2022 թվականի հունվարի 7-ին Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող SGV-Flot նավը (IMO 8033089), մտել է Բաթումի նավահանգստի ջրերում գտնվող խարսխային կայան։ Նավում անձնակազմի 13 անդամ կա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 14-ին նավահանգստի պետական վերահսկողության ծառայությունը նավին զգուշացրել է եղանակի սպասվող կտրուկ փոփոխության մասին: Վեց բալանոց փոթորկի պատճառով (քամու արագությունը վայրկյանում 12-18 մետր է կազմել) նավաստիները կորցրել են մանեւրելու հնարավորությունը, եւ ալիքները սկսել են նավն ափին մոտեցնել։

«Չնայած դրան, նավն իր ուժերով կարողացել է ինքնուրույն կանգնեցնել դեպի ափ ընթացքը»,- նշել է վրացական կողմը։

Իշխանությունների տեղեկատվությամբ՝ նավն աստիճանաբար կարողացել է շրջվել դեպի ծով եւ խարիսխ գցել։ Այն դեռ չի լքել Վրաստանի տարածքային ջրերը։