Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Տեխաս նահանգի Քոլեյվիլ քաղաքում սինագոգում պատանդներ վերցրած տղամարդը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Այս մասին կիրակի գերատեսչությունում հայտնել են Reuters գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ հայտնի է Տեխասում բրիտանացու մահվան մասին, եւ մենք կապի մեջ ենք տեղական իշխանությունների հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Շաբաթ երեկոյան Քոլեյվիլի ոստիկանության ղեկավարը մամուլի ասուլիսին հայտնել էր, որ սինագոգում հարձակում գործած տղամարդը մահացել է, իսկ մարդիկ, ում նա պատանդ էր վերցրել, ՀԴԲ-ի իրականացրած օպերացիայի արդյունքում ազատ են արձակվել։ Մահացած միակ անձը հենց ինքը՝ հանցագործն է։

Բրիտանական Sky News-ն ավելի վաղ հայտնել էր, որ հեռուստաալիքի աղբյուրները հաստատել են, որ սինագոգում պատանդ վերցրած տղամարդը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Դրա մասին անուղղակիորեն մատնանշում է այն փաստը, որ իրավախախտը խոսել է ընդգծված բրիտանական ակցենտով։ Նրա ձայնը լսվում էր սինագոգում պատարագի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

ABC հեռուստաընկերությունը շաբաթ օրը հայտնել էր, որ պատանդ է վերցվել չորս մարդ, այդ թվում՝ ռաբբի: Անանուն պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ զինված տղամարդը պնդել է, որ ահաբեկչության համար դատապարտված Աաֆիա Սիդիքիի եղբայրն է, եւ պահանջել է ազատ արձակել նրան։ Սիդիքին իր պատիժը կրում է Տեխասի ռազմաօդային ուժերի բազայում, նա դատապարտվել է 86 տարվա ազատազրկման 2010 թվականին ամերիկացի զինվորի սպանության փորձի համար եւ կասկածվում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ։ Իր հերթին, Աաֆիա Սիդիքիի փաստաբան Մարվա Էլիբիալին CNN-ին ասել է, որ սինագոգում պատանդ վերցրած տղամարդն իր պաշտպանյալի եղբայրը չէ։ Տեխասի իրավապահները մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել են մանրամասներ հայտնել հարձակվողի ինքնության մասին: