ՆԱՏՕ-ն ոչ թե խաղաղության ու կայունության, այլ առճակատման գործիք է, դաշինքը մոտենում է ռուսական սահմաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ն խաղաղության եւ կայունության աղավնի չէ։ ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է։ Առճակատման այս գործիքը տարեցտարի սկսում է ավելի ու ավելի մոտենալ մեր սահմաններին»,-ասել է Պեսկովը։ 

ՆԱՏՕ-ն 1990-ականների սկզբին երաշխիքներ է տվել չընդլայնվելու դեպի արեւելք, թեեւ չկար իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, ասել է նա։ «Ամեն ինչ սկսվեց 1990-ականների սկզբին, երբ տեղի ունեցավ Գերմանիայի միավորումը, եւ երբ այդ ժամանակ Խորհրդային Միությունը եւ Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը համաձայնեցին դրա հետ։ Ամերիկյան կողմից խոստում է եղել, որը, ցավոք, չի արձանագրվել իրավաբանորեն պարտադիր փաստաթղթում։ Այնուամենայնիվ, կար երաշխիք, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդլայնի իր ռազմական կամ քաղաքական ենթակառուցվածքը դեպի արեւելք: Ցավոք սրտի, դրանից հետո հակառակը սկսեց տեղի ունենալ, եւ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները սկսեցին ավելի ու ավելի մոտենալ Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները մոտեցել են կարմիր գծին՝ Ուկրաինային դաշինքի ռազմական աջակցության պատճառով։ «Մենք մեծ քանակությամբ տեղեկություններ ենք տեսնում  ուկրաինական տարածք ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի առաջմղման, պաշտպանական եւ հարձակողական զենքերի մատակարարման եւ ուկրաինացի զինվորականների պատրաստման մասին։ Եվ դա մեզ հասցրել է կարմիր գծի, հանգեցրել մի իրավիճակի, որը մենք այլեւս չենք կարող հանդուրժել»,-հավելել է Պեսկովը։