ԵՄ երկրներն ամբողջովին աջակցում են «նորմանդական ձեւաչափի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) շրջանակում ջանքերին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը, ինչպես ասվում է հայտարարության մեջ, թույլ է տվել մասնակիցներին «կարծիքներ փոխանակել ԵՄ-ի արեւելյան հարեւանների անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ աճող լարվածության, ինչպես նաեւ Ղազախստանում եւ Բելառուսում տիրող իրավիճակի առնչությամբ»։

Արտաքին գործերի նախարարները հայտարարել են իրենց հավատարմության մասին «տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին, ինչպես նաեւ պետությունների՝ միություններ ինքնուրույն ընտրելու իրավունքի նկատմամբ»։ «Նախարարները նաեւ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել դիվանագիտական ​​ջանքերին եւ հատկապես Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից «նորմանդական ձեւաչափի» շրջանակում անցկացվող բանակցություններին՝ Մինսկի պայմանավորվածությունների համապարփակ կատարման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման մասնակիցները նաեւ կոչ են արել շարունակել պահանջատիրական երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ եվրոպական պարամետրերին համապատասխան, «քանի որ խոսքն առաջին հերթին եվրոպացիների անվտանգության մասին է»։