Ես շատ հարգում եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա հայտարարությունը համարում եմ քաղաքական հայտարարություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հաայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի նախօրեին արած հայտարարություններին:

«Նա շատ-շատ քաղաքական հայտարարություններ է արել, իր կարծիքն ունի, բայց հաշվի առնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը, քաղաքական հայտարարությունների իրվունքը միշտ ունեցել է ունի: Շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական:

Չեմ կարող ասել նպատակը որն է: Ինքը ՀԱԿ ղեկավարն է, իսկ ամեն մի քաղաքական համակարգ հնարավոր ՝ իր տեսակետներն ունենա եւ արտահայտվի այնպես, ինչպես իր քաղաքական թիմն է մտածում, կամ քաղաքական թիմին է հարիր:

Ընդհանրապես, ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետեւության առիթ եւ նյութ դառնան»,-ասաց Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ընտրությունները կեղծվել են եւ կեղծիքներով է իշխանությունը պահել, ՔՊ-կան պատգամավորն արձագանքեց. «Ես իրավական համակարգում չեմ եղել, իմ կարծիքը չի կարող ճշգրիտ լինել:Դա կարող են ասել այն մարդիկ, որոնք կամ քաղաքական համակարգում են եղել, կամ իրավական:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ նշելով.

«1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:

3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»: