Հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանի դիակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: 5 ուղևոր տեղում մահացել էր, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: