Չինաստանի տարածքում հայտնաբերվել է ծաղկի՝ Florigerminis jurassica-ի կոկոնի ամենահին քարացուկը։ Բույսն իրենից հետո գիտության համար արժեքավոր հետք է թողել, գոյություն է ունեցել Յուրայի դարաշրջանի ժամանակներից, տեղեկացնում է Phys.org գիտական պորտալը։

Ինչպես նշել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Նանկինի երկրաբանության եւ հնէաբանության ինստիտուտի պրոֆեսոր Վան Սինը, Florigerminis jurassica ծաղկի կոկոնը գտնվել է չինական Ներքին Մոնղոլիա տարածաշրջանում։ Գիտնականն այստեղ աշխատում էր Հարավչինական գյուղատնտեսական համալսարանի գործընկերների հետ։

«Մենք եզակի քարացուկ ենք գտել, որը ծաղկի հնագույն կոկոն է։ Այն ոչ միայն տերեւներով ծածկված ճյուղ է, այլեւ ծաղկի կոկոն, իրար միացած պտուղներ»,- ասել է չինացի հետազոտողը։

Եթե գտածոն գնահատենք բույսերի էվոլյուցիայի տեսանկյունից, ապա գիտնականները հերթական ապացույցն են ստացել, որ արդեն Յուրայի դարաշրջանում փակ պատիճավոր բույսերն ունեցել են ծաղիկներ։ Այս փաստը համահունչ է վերջերս կատարված բուսաբանական հայտնագործություններին։ Այժմ, ինչպես ընդգծել է Վան Սինը, գիտնականները պետք է ճշտեն բոլորի կողմից ընդունված էվոլյուցիոն մոդելները, որոնք նկարագրում են բուսական աշխարհի զարգացումը տասնյակ եւ հարյուր միլիոնավոր տարիներ առաջ։