Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 17-ին, «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի» գործով դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։

Դատարանը հայցվոր կողմին պարտավորեցրեց ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է։

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաեւ պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասխանում է իրականությանը։

Դատական նիստը հետաձգվեց՝ մինչեւ մարտի 18-ը, ժամը՝ 16։00-ն։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամը։

Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։