Ֆրանսիայի նախագահի թեկնածու աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» ​կուսակցությունից Վալերի Պեկրեսը երկրի իշխանությանը մեղադրել է անգործության մեջ՝ դեկտեմբերի վերջին ԼՂ կատարած իր այցի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մի շարք հայտարարություններից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Europe 1 ռադիոկայանին։ 

«Ես հանրապետության նախագահի թեկնածու եմ։ Եվ ես, ինչպես ինձնից առաջ շատ ֆրանսիացիներ, գնացել եմ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան...Սա մի տարածաշրջան է, որը վեճեր է առաջացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես գնացի այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում...Ադրբեջանի նախագահը միանգամայն ցնցող հայտարարություն արեց. «Եթե ես իմանայի, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, չէինք թողնի, որ նա հետ գնա»»,-ասել է Պեկրեսը։ 

Նա ընդգծել է, որ իր պարտավորությունների հիմքում Արեւելքի քրիստոնյաների խնդիրն է, եւ այս առումով Հայաստանի պաշտպանությունը շատ կարեւոր է։ «Սակայն իշխանության քար լռությունը, որը չի պաշտպանում նախագահի թեկնածուին, սկանդալ է»,-հավելել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով պաշտոնական Փարիզի արձագանքը Ալիեւի խոսքերին։

Ավելի վաղ Պեկրեսը հայտնել է, որ մտադիր է բողոք ներկայացնել ՝ կապված Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ, որոնք նա համարում է սպառնալիք։

Ադրբեջանի նախագահը Պեկրեսի այցը Ղարաբաղ սադրանք է անվանել՝ նշելով, որ այն ուղղված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, եւ դրա նպատակն է գալիք նախագահական ընտրություններում ստանալ հայերի ձայները։