Թուրքական դատարանը ահաբեկչության մեղադրանքով տարիներ տեւած դատավարությունից հետո արդարացրել է գերմանացի լրագրող Մեսալե Թոլուին, հայտնում է AP-ն։

«4 տարի, 8 ամիս եւ 20 օր․ երկու հոդվածներով էլ արդարացվեցի»,- իր արդարացումից հետո Twitter-ում գրել է Թոլուն: Նրան մեղադրում էին ահաբեկչություն քարոզելու եւ արգելված մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությանն անդամակցելու մեջ։

Գերմանիայի 38-ամյա քաղաքացի Թոլուն ութ ամսով նախնական կալանքի է տակ էր առնվել 2017թ.։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել, սակայն նրան արգելել էին հեռանալ Թուրքիայից մինչեւ 2018 թվականի օգոստոսը։ Նա ապրում է Գերմանիայում։

Մինչ ձերբակալվելը Թոլուն թուրքական ETHA լրատվական գործակալությունում թարգմանիչ եւ լրագրող է աշխատել։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2021թ․ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների մեջ Թուրքիային 153-րդ տեղում է դրել։ Թուրքական լրագրողների միության տվյալներով՝ ներկայումս ճաղերի հետեւում են գտնվում լրատվամիջոցների առնվազն 34 աշխատակիցներ։