Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ լարվածության աճը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։

«Յուրաքանչյուր հաջորդ ագրեսիվ գործողություն Ռուսաստանի համար բարձր գին կունենա՝ տնտեսական, ռազմավարական եւ քաղաքական առումներով»,- ասել է Բերբոքը ուկրաինացի իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Դիվանագիտությունը միակ ելքն է».

Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան եւ Գերմանիան միասնական են իրենց ցանկության մեջ՝ վերսկսելու  քառակողմ խաղաղ բանակցությունները՝ «նորմանդական ձեւաչափով», որը ներառում է Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Ռուսաստանը։

«Մեզ համար այժմ կարեւոր է, որ ո՛չ Բեռլինը, ո՛չ Փարիզը առանց Ուկրաինայի որեւէ որոշում չընդունեն Ուկրաինայի վերաբերյալ եւ մեր թիկունքում որեւէ խաղ չխաղան Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է Կուլեբան ճեպազրույցում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անալենային նման սկզբունքային դիրքորոշման համար»։