Ադրբեջանա-թուրքական տանդեմը, ինչպես եւ սպասվում էր, շարունակում է ապօրինի ոտնձգությունները հարեւան երկրների տարածքների նկատմամբ։ Այս անգամ ոչ պաշտոնական հայտը ներկայացվել է Ռուսաստանի տարածքի մի մասի՝ Դաղստանի համար։

Turan-ը հաղորդում է, որ Անկարայում Gazi Kitab Evi հրատարակչությունում հրատարակվել է «Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնությունը Հյուսիսային Կովկասի պետություններին (1918-1920 թթ.)» գիրքը։ «322 էջանոց պատմական ուսումնասիրությունը պատմում է 1918-1920 թվականներին Հյուսիսային Կովկասում անկախ պետությունների ձեւավորման գործում երկու եղբայրական երկրների դերի մասին։ Գրքի հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, ԱՄՀ Թուսիի անվան ամբիոնի վարիչ Սեւինջի Ալիեւան ուսումնասիրել է թուրքական օգնությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը 1918թ․։

1918 թվականի մայիսի 11-ին թուրքական զորքերի կողմից օկուպացված Բաթումում, թուրքական կառավարության հետ բանակցությունների ավարտից հետո, Հյուսիսային Կովկասի ղեկավարների պատվիրակությունը հռչակել է Հյուսիսային Կովկասի լեռնեցիների միության Հանրապետության անկախությունը եւ ստեղծել նոր Լեռնային կառավարություն, որն աջակցության համար դիմել է Թուրքիային եւ Գերմանիային: 1919 թվականի ապրիլի 16-ին Լեռնային Հանրապետության կառավարությունը՝ Փշեմախո Կոցուեւի գլխավորությամբ, նույնիսկ որոշել է Դաղստանը մտցնել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) կազմի մեջ: Բայց մայիսի 18-ին իշխանությունը գեներալ Խալիլովի աջակցությամբ անցել է Ռուսաստանի հարավում գեներալ Դենիկինի զինված ուժերին։ Այնուհետեւ Դենիկինը ջախջախել է պառակտված դաղստանյան ուժերին։ Իսկ 1920 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանը գրավել է ԱԴՀ-ն։

Սեւինջ Ալիեւայի ուսումնասիրություններն ու գրքերը հրատարակվել են Ադրբեջանում եւ Ռուսաստանում՝ Մոսկվայում, Կազանում, Դոնի Ռոստովում, Գրոզնիում։ Նոր գիրքը Ս. Ալիեւայի աշխատություններից առաջինն է, որ լույս է տեսել Թուրքիայում»,–գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը ԱԴՀ-ի իրավահաջորդն է, այլ ոչ թե ԱզԽՍՀ-ի: Հենց այս «հիմքի» վրա է Ադրբեջանը տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Այս «հետազոտությունը» ոչ այլ ինչ է, քան հայտ Դաղստանի համար՝ որպես «Ադրբեջանի պատմական տարածք»։