Կալիֆոռնիայի փողոցներից մեկում 27-ամյա Մարիկե Բայենսին զենքի սպառնալիքով կողոպտած երկու ավազակների թիրախը նրա ձեռքի պայուսակը կամ դրամապանակը չի եղել։ Նրանց պետք էր շունը՝ ֆրանսիական բուլդոգ Մեռլինը:

Նյու Յորքից մինչեւ Լոս Անջելես եւ Մայամիից մինչեւ Չիկագո արժեքավոր ցեղատեսակի գողությունների թիվը գնալով աճում է։

Փոքր եւ ընկերասեր ֆրանսիական բուլդոգները մեծ ժողովրդականություն են վայելում, «սեւ շուկայում» դրանք վաճառվում են հազարավոր դոլարներով: Նրանք ունեն եւս մեկ առավելություն՝ լինել «աստղերի շուն»։

Մինչ այժմ ամենահայտնի զոհը Լեդի Գագան է եղել։ Անցյալ տարի զինված մարդիկ առեւանգել էին նրա բուլդոգներին՝ Կոջիին եւ Գուստավին, նույնիսկ կրակ բացելով նրանց հետ քայլող աշխատակցի վրա (նա վիրավորվել էր, բայց ողջ էր մնացել):

Գերաստղը նրանց վերադարձնելու համար առաջարկել է 500 000 դոլար պարգեւ եւ ի վերջո վերադարձրել է շներին: Այս գործով ոստիկանությունը հինգ ձերբակալություն է իրականացրել։

Բայենսը տրավմատիկ հարձակումը ապրել է նոյեմբերին, երբ Օքլենդում զբոսանքի է տարել ընկերոջ շանը՝ Մեռլինին: Լկտի հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով։

Երկրի այլ շրջաններում բուլդոգների գողություններն իրականացվում են նույն սառնասիրտ մարտավարությամբ։

Անցյալ տարի 30-ամյա Սառա Ֆորհաուսը դաժան ծեծի էր ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում, իսկ հարձակվողները թաքնվել էին նրա հինգ ամսական ֆրանսիական բուլդոգ Քլոեի հետ: Սոցցանցերի լուսանկարներում տեղադրված էր երիտասարդ կնոջ լուսանկարը՝ խիստ ուռած դեմքով:

Ուրեմն ինչո՞ւ են ֆրանսիական բուլդոգներն այդքան գայթակղիչ թիրախ գողերի համար:

«Երկու հիմնական պատճառ կա՝ վերավաճառքի դեպքում նրանց բարձր գինը՝ 3500-5000 եւ ավելի, եւ նրանց համեմատաբար հազվադեպ լինելը»,- AFP-ին ասել է շնաբուծության Ամերիկյան ակումբի փոխնախագահ Բրենդի Հանթեր Մունդենը: