Թուրքական դատարանը դատավարության ընթացքում կալանքի տակ է թողել հայտնի բարերար Օսման Կավալային, չնայած նրան, որ նա ավելի քան չորս տարի անցկացրել է նախնական կալանքի տակ, հայտնում է AP-ն։

2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ Կավալայի իրավունքները խախտվել են, եւ հրամայել էր նրան ազատ արձակել։ Սակայն Թուրքիան բազմիցս հրաժարվել է դա անել:

Կավալան, ով գտնվում է Ստամբուլի ծայրամասի «Սիլիվրի» բանտում, չի մասնակցել լսումներին՝ համաձայն հոկտեմբերի հայտարարությունից հետո, որ նա այլեւս ներկա չի լինելու դատավարություններին տեսակոնֆերանսի ռեժիմով, քանի որ չի հավատում, թե դատարանը արդար դատավարություն կանի:

64-ամյա Կավալան մեղադրվում է 2013 թվականին համազգային հակակառավարական ցույցերը ֆինանսավորելու, կառավարությունը տապալելու փորձի եւ լրտեսության մեջ: Նա հերքում է մեղադրանքները, որոնք ցմահ ազատազրկում են նախատեսում առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

2020 թվականի փետրվարին նա արդարացվել էր 2013 թվականին Գեզի այգու բողոքի ցույցերի մեղադրանքով։ Մինչ համախոհները սպասում էին նրա ազատ արձակմանը, Կավալային նորից ձերբակալել էին նոր մեղադրանքներով: Ավելի ուշ արդարացման դատավճիռը չեղարկվել էր եւ կապվել էր 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ:

Այս դատավարությունն այժմ միավորված գործի մի մասն է, որը ներառում է 51 այլ ամբաստանյալների, այդ թվում՝ «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների, որոնք արդարացվել են վեց տարի առաջ Գեզիի բողոքի ցույցերի հետ կապված մեղադրանքներից, նախքան այդ որոշումը չեղարկվելը: Կավալան միակ մեղադրյալն է, ով բանտում է գտնվում։