Գավառ քաղաքում 2020 թվականի ապրիլի 28-ին աղմկահարույց սպանություն եւ վենդետա է տեղի ունեցել, հարուցվել է քրեական գործ, մեղադրյալի կարգավիճակ ստացել՝ 19 անձ։ Սպանությանը հաջորդել էր վենդետա. սպանվածների հարազատները դեպքի մասին տեղեկանալով, հարձակվել էին «Գավառի բժշկական կենտրոնի» վրա, որտեղ բուժում էին ստանում կրակոցների հետեւանքով վիրավորում ստացածները։

NEWS.am-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, հիվանդանոցի վրա հարձակման գործով վճիռ է կայացրել։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Արսեն Վարդանյանը եւ Սիսան Մելոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի (զանգվածային անկարգություններ) հատկանիշներով։

Ամբաստանյալ Արսեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում, եւ դատապարտվել է ազատազրկման՝ երեք տարի ժամկետով:

Ըստ դատավճռի՝ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի կիրառմամբ, Արսեն Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվելով փորձաշրջան երկու տարի ժամկետով՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով իրավասու մարմինների վրա:

Ամբաստանյալ Սիսակ Մելոյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում, եւ դատապարտվել է ազատազրկման՝ երեք տարի ժամկետով:

Ըստ դատավճռի՝ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի կիրառմամբ, Սիսակ Մելոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվելով փորձաշրջան երկու տարի ժամկետով՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով իրավասու մարմինների վրա:

Հիշեցնենք, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը եւ Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Այնուհետեւ սպանվածների հարազատներն ու ընկերները, տեղեկանալով, որ վերը նշված միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած անձինք բժշկական օգնություն են ստանում «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում եւ համոզված լինելով, որ նրանք են սպանել իրենց հարազատներին, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, հավաքվել են նշված բժշկական կենտրոնի բակում եւ մոտակայքում՝ բազմաթիվ անձանց հետ, ովքեր հայհոյանքներ հնչեցնելով, աղմկելով, վիրավորված անձանց հետ հաշվեհարդար տեսնելու, նրանցից վրեժխնդիր լինելու կոչերով փորձել են ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող տարածք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:

Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին՝ մի խումբ անձանց հրահրմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քաշքշելով, հրելով նրանց, կոտրելով բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները՝ ներխուժել են ներս՝ ջարդել, վնասել ու ոչնչացրել են բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, ինչպես նաեւ վնասել են բժշկական կենտրոնի բակում կայանված «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ եւ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում գտնվող երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ բժշկական կենտրոններին պատճառելով նյութական վնաս:

Մասնակիցներից մեկը՝ Նորատուս գյուղի 35-ամյա բնակիչը, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, կոտրել է նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակների դռները եւ դրանցից մեկում հայտնաբերելով Դ. եւ Ա. Հայթյաններին, համոզված լինելով, որ վերջինս է սպանել եղբորը, վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով, այնուհետեւ բռունցքներով հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել. Վերջիններս, մտածելով, որ սպանել են, հեռացել են բժշկական կենտրոնից: