Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան։

«Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»,- հայտնել է մարզպետը:

Ավելի վաղ NEWS.am-ը Գյումրու նախկին ռադիոգործարանի կիսաքանդ հանրակացարանում բնակվող սոցիալապես անապահով քաղաքացիների խնդրին էր անդրադարձել, որոնց թվում է նաեւ 44-ամյա Արմինե Գյուրջյանը, որը 10 օր է՝ չի քայլում, անկողնուց վեր կենալ չի կարողանում, իսկ միայնակ ապրող կնոջը հարեւաններն են խնամում։ Հարեւանները հայտնել էին, որ կինն անբուժելի հիվանդ է, եւ օրեր առաջ հիվանդանոց տեղափոխելվուց շատ չանցած նրան նորից հանրակացարան են տեղափոխել։