Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Շեյխ Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահայանը երկուշաբթի հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել է Եմենի հուսի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը վերադարձնել ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկ: Այս մասին հայտնում է  Axios ինտերնետային պորտալը` վկայակոչելով աղբյուրն ԱՄԷ-ում:

«Զրույցի ընթացքում քննարկվել է հուսիներին [նշված ցուցակում] կրկին մտցնելու գաղափարը՝ նրանց ներկայիս գործողությունների հետ կապված։ Երկուշաբթի Աբու Դաբիում քաղաքացիական օբյեկտների վրա կատարված վերջին հարձակումը եւ հուսիների կողմից [հունվարի սկզբին] ԱՄԷ դրոշով նավը գրավելն ակնհայտորեն այդ կատեգորիայից են»,- Axios-ը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց երկու երկրների արտգործնախարարների զրույցից հետո։ Դրանում նշվում է, որ Բլինքենը զրույցի ընթացքում «դատապարտել է այսօրվա ահաբեկչություններն» Աբու Դաբիում՝ դրանք հրեշավոր անվանելով։ «Պետքարտուղարը համերաշխություն է հայտնել ԱՄԷ-ի ժողովրդին եւ իր ցավակցությունն է հայտնել մարդկային կորուստների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անցյալ փետրվարին ԱՄՆ-ն «Անսար Ալլահ»-ը հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Ինչպես այն ժամանակ ընդգծել էին Պետքարտուղարությունում, որոշումը կայացվել էր բացառապես մարդասիրական նկատառումներով։

Եմենում կառավարական ուժերի եւ հուսիների զինված խմբավորումների միջեւ առճակատումը շարունակվում է 2014 թվականի օգոստոսից ի վեր։ Այն իր ամենաակտիվ փուլը թեւակոխեց 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից երկիր ներխուժմամբ։ Ձգձգվող հակամարտությունը հանգեցրեց աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամին։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ հանրապետության բնակչության մոտ 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը։

Երկուշաբթի Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) օբյեկտները, ինչպես նաեւ ԱՄԷ մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող շինհրապարակը ենթարկվել են անօդաչու սարքերի հարձակմանը։ ADNOC-ի օբյեկտներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով, վերջին տվյալներով, երեք մարդ է զոհվել, վեց մարդ վիրավորվել է։

Ավելի ուշ Al-Mayadeen հեռուստաալիքը հահտնեց, որ ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Յահյա Սարիան ասել է, որ հուսիներն ԱՄԷ-ի վրա հարձակման ժամանակ հինգ բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են օգտագործել։ Նրա խոսքով՝ «Եմենի փոթորիկ» ծածկանունով օպերացիայի ընթացքում հարվածների թիրախ են դարձել Դուբայի եւ Աբու Դաբիի օդանավակայանները, ինչպես նաեւ Մուսաֆահի (Աբու Դաբի) արդյունաբերական գոտում գտնվող նավթավերամշակման գործարանը եւ մի շարք այլ օբյեկտներ։