ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:      

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող հանդիսությունների սրահի հետնամասում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, 26-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով անկանոն հարվածներ է հասցրել Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին՝  պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: