Ադրբեջանը գերիներին եւ պատանդներին օգտագործում է որպես հայկական կողմի վրա ճնշման լծակ։ Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հարցը ցավոտ է։ Բայց շատ բանում մեզանից է կախված դրա լուծումը։ Ադրբեջանը, ոտնահարելով բոլոր միջազգային նորմերը, միջազգային հումանիտար իրավունքը եւ մարդու իրավունքները, պահում է քաղաքացիական անձանց եւ զինվորականների։ Մի մասին, կարող ենք պնդել, թաքցնում է՝ օգտագործելով որպես պատանդներ կամ անգամ ստրուկներ։ Ադրբեջանն օգտագործում է մեր հայրենակիցներին որպես Հայաստանի եւ Արցախի վրա ճնշման ու սակարկության լծակ»,- ընդգծեց Բեգլարյանը։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո գերեվարումներին, այդ հարցերը լուծվում են ռուս խաղաղապահների միջոցով։ «Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո գերեվարվածները, մասնավորապես՝ Խծաբերդում. փաստորեն մենք, ցավոք, չունենք ուղղակի ներգործության լծակներ։ Ավելի շուտ ռուսական կողմի միջնորդությամբ եւ հայ գործընկերների հետ միասին ենք փորձում ճնշում գործադրել միջազգային գործընկերների օգնությամբ։ Առայժմ արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն, ինչպես կցանկանայինք»,- նշեց պետնախարարը։