Շոտլանդիայում առանձնատներից մեկի ձեղնահարկում գտել են Օսմանյան կայսրության սուլթանների հին դիմանկարներ, որոնց արժեքը գնահատվել է 50-70 հազար ֆունտ սթեռլինգ, գրում է Ahval News թուրքական պարբերականը։

Կտավները պահվում էին Շոտլանդիայի Ջեդբորո քաղաքի շրջաններից մեկի առանձնատանը։ Կտավներին պատկերված են սուլթան Սուլեյման I Սքանչելին, որն Օսմանյան կայսրությունում կառավարել է XVI դարում, սուլթան Բայազիդ Ա-ն, որը կառավարել է XIV դարավերջին, եւ սուլթան Բայազիդ Բ-ն, որը գահ է բարձրացել 1481թ.։

Sotheby’s աճուրդների տան շոտլանդական բաժանմունքի տնօրեն Դեւիդ Մակդոնալդը գտածոն անհավանական է անվանել։ Նա կարծում է, որ դիմանկարները ձեռք են բերվել XVII դարում Լոտիան երրորդ կոմսի կողմից, Եվրոպայում ճանապարհորդելու ժամանակ։ Սպասվում է, որ դրանք աճուրդի կհանվեն հունվարի 20-ին։