ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կայցելի Ուկրաինա եւ կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է AP-ը։

Բլինքենը Կիեւ կժամանի հապճեպ կազմակերպված ուղեւորության շրջանակներում՝ ցույց տալու «ԱՄՆ աջակցությունն այն բանից հետո, երբ Եվրոպայում Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ անցած շաբաթվա անավարտ դիվանագիտական ​​բանակցությունները չկարողացան լուծել Ուկրաինայի եւ անվտանգության այլ հարցերի շուրջ լուրջ տարաձայնությունները», նշում է գործակալությունը։

«Բլինքենի այցը եւ խորհրդակցությունները դիվանագիտական ​​ջանքերի մի մասն են՝ լարվածությունը թուլացնելու համար, որը առաջացել է Ռուսաստանի ռազմական ուժի ավելացման եւ Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիայի հետեւանքով»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Կիեւից Բլինքենը կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի իր գերմանացի, բրիտանացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ՝ քննարկելու «ռուսական ցանկացած ռազմական գործողության» հնարավոր պատասխանը։

Կիեւ այցի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Զելենսկու եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ «ուժեղացնելու Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։