Բրիտանական Standard Chartered բանկը կանխատեսում է, որ մինչեւ այս տարվա վերջը թուրքական լիրան մեկ դոլարի դիմաց կնվազի մինչեւ 20, հայտնում է BloombergHT-ը։

Բանկը վերանայել է տարվա վերջի համար մեկ դոլարի դիմաց լիրայի 12-ի իր գնահատականը՝ վկայակոչելով «կառուցվածքային ճեղքվածքը», որն առաջացել է բարձր ինֆլյացիայի եւ անսովոր դրամավարկային քաղաքականության պատճառով։

Standard Chartered-ը 2023 թվականի համար լիրայի արժեքի գնահատականը սահմանել է 28՝ մեկ դոլարի դիմաց։ Երեքշաբթի վաղ առավոտյան արժույթը սակարկվել է մեկ դոլարի դիմաց 13,5-ի մակարդակում:

Անցյալ տարի թուրքական լիրան կորցրեց իր արժեքի 44 տոկոսը այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքները՝ ի դեմս արագացող ինֆլյացիայի: Սպառողական գների գնաճը դեկտեմբերին հասավ 36,1 տոկոսի։ Ակնկալվում է, որ մինչեւ մայիս այն կարագանա մինչեւ 55 տոկոս, այս ամսվա սկզբին հայտնել է ամերիկյան JPMorgan ներդրումային բանկը:

Standard Chartered-ը հայտարարել է, որ կառավարության կողմից դեկտեմբերի վերջին թուրքական լիրայի ավանդների պաշտպանության ներդրումը չի նվազեցրել տնտեսության դոլարիզացիան եւ վտանգ է ներկայացնում պետական ֆինանսների համար: Թուրքիայում բանկային ավանդների գրեթե երկու երրորդը արտահայտված են արտարժույթով:

Ակնկալվում է, որ դրամավարկային քաղաքականությունը կմնա ընդլայնողական, եւ այս տարի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը նույնպես ճնշում կգործադրի լիրայի վրա, նշել է Standard Chartered-ը: Ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Կառավարությունը բազմիցս բացառել է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։

Ակնկալվում է, որ Թուրքիայում սպառողական գների ինֆլյացիայի տեմպերը 2022 թվականին կկազմեն միջինը 52,6 տոկոս, իսկ մինչեւ տարեվերջ կնվազեն մինչեւ 40 տոկոս, ասվում է Bank of America-ի զեկույցում։

Ավանդների երաշխավորման պետական սխեման, որի նպատակն է փոխհատուցել լիրայի ավանդատուներին արժույթի անկման համար, ֆինանսապես կայուն չէ եւ չի լուծի բարձր բացասական իրական տոկոսադրույքների հետեւանքով առաջացած մարտահրավերները, ասել է Bank of America-ն:

Պետական բանկերում կապիտալի ներարկումները եւ վարկերի երաշխիքային ֆոնդի միջոցով վարկավորման ավելացումը կարող են նաեւ ավելացնել լիրայի վրա արժեզրկող ճնշումը՝ վարկային ընդլայնման պատճառով:

Կառավարությունը կարող է որոշել կրճատել վաճառքի հարկերը եւ ձեռնարկել այլ հարկաբյուջետային միջոցներ, որոնք կօգնեն դանդաղեցնել ինֆլյացիան, սակայն այդ միջոցները կստեղծեն ֆինանսական բեռ եւ սահմանափակ ազդեցություն կունենան գների վրա, որոնք կախված են փոխանակման կուրսից: