Մենք անզիջում պայքար ենք մղելու եւ ձախողելու ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգը դիմադրության շարժման կազմակերպման միջոցով։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Դա, նրա խոսքով, կդրսեւորվի Հայաստանի իշխանություններին հեռացնելու նպատակով քայլերով, գործողություններով, ակցիաներով։ Նա խոստովանեց, որ ակցիաների եւ ընտրությունների միջոցով դրան հնարավոր չեղավ հասնել, բայց դրա հետ համակերպվել չի կարելի։ «Մենք արմատական ​​ընդդիմություն ենք, բայց քանի դեռ չկա համահայկական դիմադրություն, ոչնչի հնարավոր չէ հասնել։ Օրերս յոթ քաղաքներում հանդիպումներ եղան մեր համախոհների հետ»,- պարզաբանեց Սաղաթելյանը։

Փոխխոսնակն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր անփոփոխ դիրքորոշումն արտահայտել է անգամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք. գործընթացի սկիզբ առանց նախապայմանների։ «Թուրքիայի ցանկացած նախապայմանի բավարարումն անընդունելի է ՀՅԴ-ի եւ Սփյուռքի համար` անկախ նրանից, թե որ իշխանության օրոք է եղել կամ լինելու է։ Քոչարյանը ոչ մի զիջման չգնաց: Խորհրդարանում սադրանքները պայմանավորված են նրանով, որ իշխանությունները պատրաստ չեն առարկայական քննարկման։ Մենք դեմ չենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, բայց հարցն այն է, թե ինչ գնով եւ ինչի դիմաց։ Նախկինում էլ բանակցություններ են վարվել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, սակայն զիջումներ կամ կորուստներ չեն եղել։ Թուրքիան մնացել է նույնը, իսկ, ահա, Հայաստանը թուլացել է»,- հավելեց նա։

Ներկայիս իշխանությունները, ըստ նրա, եթե ցանկանան էլ չեն կարողանում պաշտպանել Հայաստանի շահերը. «Այժմ թուրքացման ծրագրի իրագործմամբ հարցականի տակ է դրվում մեր պետության գոյությունը։ Նրանք փորձում են խաբել մարդկանց կեղծ տնտեսական շահերով: Մարդկանց կխաբեն, թե լավ են ապրելու, որդիները չեն ծառայելու եւ այլն։ Եթե ​​իշխանություններն ասում են, որ գաղտնի բանակցություններ չեն վարկել, ապա այդ դեպքում ինչպե՞ս է կայացվել հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշումը»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Նա հայտնեց օրինագիծ նախաձեռնելու պատրաստակամության մասին, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվություն կրեն, ինչպես նաեւ լսումներ կազմակերպեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով։

«Ամեն ինչ հուշում է, որ Հայաստանը նոր կորուստներ է կրելու։ Հակառակորդն իր գործողություններով, ըստ էության, սահմանազատում եւ սահմանագծում է իրականացնում: Մենք պետք է նոր եռակողմ հայտարարության հասնենք: Մենք չենք հաշտվելու Արցախի կորստի հետ, Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն»,- ասաց փոխխոսնակը։

Ընդունելով բնակչության հիասթափությունն ընդդիմությամբ՝ նա համոզմունք հայտնեց, որ շատ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր դաշինքի գործողությունները ցանկանում են որպես իշխանության համար պայքար ներկայացնել՝ փորձելով վարկաբեկել այն։