Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իրատեսական չէ եւ որ ուկրաինական ճգնաժամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու անհրաժեշտություն կա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իրատեսական չեմ համարում, քանի որ Ուկրաինան սովորական երկիր չէ։ Ուկրաինան ուժեղ երկիր է. Բացի այդ, որպեսզի Ռուսաստանը գնա այդ քայլին, անհրաժեշտ է վերանայել իրավիճակը ողջ աշխարհում եւ սեփական իրավիճակը։ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Ուկրաինայում էր։ Ես կխոսեմ նրա հետ։ Իհարկե, մենք պետք է այդ հարցերը քննարկենք նաեւ պարոն Պուտինի հետ»,- Ալբանիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Էրդողանը։

«...Այս տարածաշրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլիներ: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ բացառելու ժամանակը»,- ​ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ «ժամանակակից աշխարհում օտար հողերը օկուպացնելու ցանկությունը չի հանգեցնի ցանկալիին»։ «Օրինակ՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանը Ուկրաինայում, Ղրիմում։ Պուտինի հետ յուրաքանչյուր խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացիային։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացրել Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։