Հայաստանում դատարանը կկարողանա սահմանափակել խոսքի իրավունքը, ինչպես նաեւ կողմերից որեւէ մեկի այլ իրավունքները, եթե այդ պատրվակով գործընթացն արհեստականորեն ձգձգվի։ Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստին Դատական ​​օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության  պատգամավոր Արամ Վարդեւանյանի հարցին, ով դեմ է արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը:

Պատգամավորի խոսքով՝ դատավորները կկարողանան կամայականորեն սահմանափակել մեղադրյալների պաշտպանության իրավունքը։

Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ դատարանը կարող է նման սանկցիա կիրառել ոչ միայն մեղադրյալի, այլեւ դատավարության ցանկացած այլ կողմի նկատմամբ։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ նման օրենսդրական փոփոխությունների հիմքը 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ տվել է Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սահմանափակումը համապատասխանում է համաչափության սահմանադրական պահանջին, քանի որ եթե կողմերից մեկը չարաշահում է իր իրավունքները, ապա տուժում են մյուս կողմի նույնքան օրինական իրավունքները։

«ՍԴ-ն եւս այստեղ հակասություններ չի տեսել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ։ Իհարկե, ձեր նշած ռիսկերը կարող են լինել, բայց շատ բան, ինչպես մյուս դեպքերում, կորոշի իրավակիրառական պրակտիկան»,- ասաց Թումանյանցը։