44-օրյա պատերազմի ընթացքում իշխանությունների գործողությունների արդյունքում ձեւավորվեց հասարակության լիակատար անվստահություն պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։ Այս մասին հունվարի 18-ին քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Սա աններելի է, քանի որ Հայաստանը մշտապես կանգնած է ռազմական մարտահրավերների առջեւ, եւ մենք պետք է դիմակայենք դրանց։ Ինչի՞ն պետք է հավատա հասարակությունը նման պայմաններում»,-նշեց նա։ 

Իշխանությունները, նրա խոսքով, դա քաջ գիտակցում են եւ շարունակում են պայքարել լրատվամիջոցների դեմ, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով։

«Պատերազմի ժամանակ անընդհատ ստում էին, պահանջում էին չնկարահանել զոհված զինծառայողների հուղարկավորությունները, չասել ճշմարտությունը, որպեսզի հասարակությունը ոչինչ չիմանա։ Եթե ​​հասարակությունն իմանար ճշմարտությունը, կարող էր ճնշում գործադրել նրանց վրա, եւ ամեն ինչ այլ կերպ կընթանար»,-ընդգծեց Սեյրանյանը։