Նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ գոհ է լիրայի անկայունության նվազումից՝ վստահեցնելով, որ կառավարությունն աշխատում է թուրքական արժույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու միջոցների վրա։

«Դանդաղ, աստիճանաբար եւ առանց շտապելու լիրան կաճի, տոկոսադրույքները նույն կերպ կնվազեն, եւ 2022 թվականը կլինի մեր ամենավառ տարին»,- ասել է նա, փոխանցում է Anadolu-ն:

Այս ամիս լիրան կայունացել է անցյալ տարի դոլարի նկատմամբ 44 տոկոս անկումից հետո։ Գրինվիչի ժամանակով 12:03-ին այն 1 տոկոսով ավելի թույլ էր՝ 13.56 դոլարի նկատմամբ՝ փոքր-ինչ ընդլայնելով կորուստներն Էրդողանի հայտարարություններից հետո:

«Մենք շատ գոհ ենք փոխարժեքի անկայունության նվազումից,- ասել է նա։- Ֆինանսական շուկաներում կայունության պահպանման եւ լիրայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ուղղված մեր լրացուցիչ աշխատանքը շարունակվում է»։ «Ես այն կարծիքին եմ, որ տոկոսադրույքներն են պատճառը, իսկ գնաճը՝ հետեւանք։ Այս արդյունքն իսկապես իրեն զգացնել է տալիս. գնաճն անկման եզրին է»,- ասել է Էրդողանը` կրկնելով իր ոչ ավանդական տեսակետը տոկոսադրույքների եւ գնաճի միջեւ կապի վերաբերյալ:

Սակայն անցած ամիս տարեկան գնաճն աճել էր մինչեւ 36.1 տոկոս, ինչն ամենաբարձրն է Էրդողանի իշխանության 19 տարվա ընթացքում: Տնտեսագետները կանխատեսում են, որ առաջին կիսամյակում գնաճը կհասնի 50 տոկոսի։ Գնաճի աճը պայմանավորված է լիրայի արժեզրկմամբ։ Արժույթի թուլությունն իր հերթին պայմանավորված էր այն նրանով, որ սեպտեմբերից Կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքը 500 բազիսային կետով՝ մինչեւ 14 տոկոս։

Դեկտեմբերի 20-ին դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի ռեկորդային 18.4 անկումից հետո Էրդողանը հայտարարեց լիրային աջակցության սխեմայի մասին՝ լիրայի ավանդային հաշիվներ առաջարկելով, որոնք կփոխհատուցեն ավանդատուների` լիրայի հետագա թուլացման հետեւանքով առաջացած կորուստները: