Այս իշխանությունները խոստացան թռիչքաձև տնտեսական աճ, բայց այդ աճն ապահովեցին բացառապես իրենց գրպաններում, խոստացան ներդրումների աճ, բայց հայտարարեցին, որ դրա համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իշխանությունը ամբողջությամբ զավթեցին, բայց ներդրումներ, բնականաբար,  չեղան։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամ ին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«2019-ին ասում էին, որ ներդրումները չեն գալիս, քանի դեռ դատարանները դեռ թավշյա հեղափոխականների ազդեցության տակ չեն, ՍԴ-ն գրեթե գրավեցին, բայց ներդրումները չկան։ 2020-ից հետո էլ ասում էին, թե հեսա ներդրումները գալու են, քանզի Ադրբեջանի և Թուրքիայի հետ բաց սահմաններն են նպաստելու դրան: Այսինքն ստացվում է, որ ներդրումներին խանգարելու են Արցախն ու հազարավոր զոհված տղաները։

Իրականությունն այն է, որ իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ «հպարտ քաղաքացիների» համար կյանքը դարձել է թանկ։ Էկոնոմիկայի նախարարը խոստանում էր երկնիշ տնտեսական աճ, այն եղավ, բայց մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման գնով»,-ասաց նա:

Մանուկյանը հիշեցրեց, թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ և հետո և նշեց, որ գազն էլ, հոսանքն էլ ջուրն էլ, հակառակ Փաշինյանի պնդումների, թանկանում են։