Հունվարի լույս 15-ի գիշերը, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ Ռանչպար գյուղում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին բջջային օպերատորներից մեկին պատկանող ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը և գողացել 16 մարտկոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով, հաղորդումից որոշ ժամանակ անց, Մասիսի քրեական հետախույզները հայտնաբերեցին գողությունը կատարած անձանց և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Պարզվեց, որ «Օպել» մակնիշի մեքենայի համարանիշերը փոխարինված էին, սրահում էլ գողացված մարտկոցներն էին։ Բերման ենթարկված չորս տղամարդկանցից մեկը Երևանի, մյուսը` Նոր Խարբերդի, երկուսը Մասիս քաղաքի բնակիչներ էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նրանք ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին նրանք Նոր Խարբերդ, Դարբնիկ, Այնթապ գյուղերի` նույն ընկերությանը պատկանող ենթակայաններից գողացել էին ընդհանուր 28 մարտկոց: Բացի այդ, պարզվել է նաև, որ նրանք նմանատիպ գողություններ են արել Արարատում, Գառնիում և Էրեբունիում։

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: