Թուրքիան եւ Ադրբեջանն այս տարի մտադիր են սկսել Նախիջեւանին մատակարարման համար գազատարի անցկացումը։ 

Նախագծի շրջանակում թուրքական կողմն այս տարի 100 մլն թուրքական լիրա (7,38 մլն դոլար) կներդնի, գրում է Sabah-ը։ 

Գազատարը կկառուցվի Նախիջեւանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը ստորագրվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովի միջեւ 2020 թվականի վերջին։

Այն կկառուցվի որպես Իգդիր գազատարի գիծ։ Խողովակաշարը կունենա 82 կիլոմետր երկարություն եւ Ադրբեջանից ստացված բնական գազը կտեղափոխի Նախիջեւան։

Նախագիծը կիրականացվի Petroleum Pipeline Company (BOTAŞ) թուրքական ընկերության եւ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության հետ համագործակցությամբ։

Թուրքիայի 2022 թվականի տարեկան ներդրումային ծրագրի համաձայն՝ նախագծին հատկացվող ընդհանուր ներդրումային բյուջեն կազմում է մոտ 185 միլիոն թուրքական լիրա, որը կներդրվի մինչեւ 2023 թվականը։