Ոչ մի պաշտոնական մեղադրանք, գնահատական թուրքական ագրեսիային, Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ոչ մի ծպտուն, մոռացել եք ծննդատներ և հիվանդանոցներ ռմբակոծող, ահաբեկիչներ մատակարարող, միջազգային մարդասիրական իրավունքը ոտնահարող, ի վերջո ցեղասպան Թուրքիային։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով իշխանության գործողություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Որն է խաղաղության դարաշրջանի ՔՊ-ական պատկերացումը, եթե այն տեղավորվում է այստեղ երեկ հնչած՝ «բանակցում եմ ինչ–որ պետք է» հայտարարության մեջ, ուրեմն ավելի քան ողբերգական է, և մենք մեկ անգամ արդեն վայելել ենք այդ մոտեցումը»,–ասաց նա։

Նա նշեց, որ ազգային արժանապատվության, մեր ապագայի կամ Արցախի մասին միայն ՔՊ-ական պատկերացումները իրավունք չունեն պարտադրվելու մեր ազգին, այդ թվում և սփյուռքին։

«Այսօ առավոտյան ՔՊ-ական խոսնակը Ռուբինյան բանակցողին նույնացնում էր հայաստանի հետ, լավ կլիներ մինչ այդ հանրությանը ներկայացնեին այն կարմիր գծերը, որոնք ընկած են բանակցությունների հիմքում: Զրո կամ սեփական կետից սկսելու երկրորդ այսպիսի մի հարված, կնշանակի մեր ինքնության և պետականության վերջը»,–ասաց նա։