Ջրականի ուղղությունից այսօր՝ հունվարի 18–ին, հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թեւում:

Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ հաստատվել է 1706 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է  Արցախի ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։