Հնագետները Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են 4500 տարվա ճանապարհ՝ լի հնագույն գերեզմաններով: Աերոլուսանկարը եւ արբանյակային պատկերները ավստրալացի հետազոտողներին օգնել են կարեւոր բացահայտում կատարել, հայտնում է CNN-ը:

Հուղարկավորումների ծառուղին ձգվում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր: Այն կարող է նույնիսկ մինչեւ Եմեն հասնել:

Երթուղու երկայնքով առնվազն 18 000 գերեզման կա, եւ դրանցից շատերը զարմանալիորեն լավ են պահպանվել:

Հաջորդ քայլը ռադիոածխածնային ավելի շատ թվագրումների անցկացումն է, որպեսզի ավելին իմանան բրոնզե դարին պատկանող գերեզմանների մասին:

«Որքան շատ ենք իմանում հյուսիսարեւմտյան Արաբիայի հնագույն բնակիչների մասին, այնքան ավելի է մեզ ոգեշնչում այն, թե ինչպես է մեր առաքելությունն արտացոլում նրանց աշխարհայացքը՝ նրանք ապրել են բնության հետ ներդաշնակ, հարգել են իրենց նախնիներին եւ ձգտել են ավելի մեծ աշխարհի»,- ասել է Թագավորական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Ամր Ալ Մադանին: