Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք վերաբերում այնպիսի անձնավորություններին,  ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

Այնուհետև նա հեռախոսով միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնը, որտեղ նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա  ինձ չեմ ների, եթե  երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողին հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ՝ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց:

Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք վերաբերում այս անձնավորությանը և հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու:

Ուզում եմ ընդգծել, որ այսպիսի  վարքագծով դուք  տեր չեք կանգնում չէր խոսքին, զրոյացնում եք ձեր խոսքի արժեքը, զրոյացնում եք ձեր անձի հանդեպ վստահությունը՝ զրո»: