Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա, որպեսզի «հարթեն տարաձայնությունները» երկու երկրների միջեւ։ Այսպիսի պնդմամբ չորեքշաբթի հանդես է եկել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Թուրքիան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Իրականում նա նույնիսկ նրանց երկուսին հրավիրել է գալ Թուրքիա, եթե ցանկանան հանդիպել եւ պարզել իրենց խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերը մեջբերում է Sabah թերթը։

Բացի այդ, Քալընը տեղեկացրել է, որ Էրդողանը «առաջիկա մի քանի շաբաթներին կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկու հետ բանակցելու համար»։