Ժողովուրդ, դուք վերջն եք, սենց բան գոյություն չունի. Երևան-Ստամբուլ չվերթը նախաձեռնվել է 2003 թվականին, առաջին չվերթն էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մեջ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա նշեց, թե չվերթը նախաձեռնվել է ստամբուլյան ինչ-որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից:

«Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-2016 թվականը, այնուհետև 2016 թվականին հայաստանյան շուկա է մտել թուրքական «Աթլաս Ջեթ» ընկերությունը 2016 թվականին: Ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռել է հայկական ընկերությունը, եւ դեպի Երևան՝ թուրքական ընկերությունը, սա շարունակվել է մինչև 2019 թվականը, այնուհետև մնացել է միայն թուրքական ավիաընկերությունը՝ դեպի Երևան», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

«Այս փոքրիկ ուսումնասիրությունը ես կատարեցի ընամենը 15 րոպեում: Պարզվեց «Անրիվա տուր»-ը պատկանում է պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, պարզվեց, որ նա գումար է վաստակել ՀՀ քաղաքացիներին Թուրքիա տանելով: Երեսպաշտության բացառիկ օրինակ, սա խայտառակություն է, ես չգիտեմ, թե դուք ինչ եք անում: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե կես ժամ զբաղվենք ձեզանով, տակը ինչ է մնալու. չի կարելի, վերջացրեք, անհարմար է», - հորդորեց Հակոբյանը:

Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն իր ելույթում անդրադառնալով «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին՝ նշել էր. «Ես չգիտեմ՝ այս օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար, Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»:

Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի համար. Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան