Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը առաջարկել է վճար մտցնել մեքենայով երթեւեկության համար՝ հանուն ածխաթթու գազի արտանետումների նվազեցման եւ օդի որակի բարելավման։ Նա օդի աղտոտումը համարում է սոցիալական արդարության խնդիր, տեղեկացնում է The Guardian-ը։

«Կլիմայական ճգնաժամի  հետեւանքներից առաջին հերթին կտուժեն սակավունեւոր լոնդոնցիները, որոնք նույնիսկ մեքենա չունեն»,- ասել է քաղաքական գործիչը։ Խանը հանձնարարել է Transport for London (TfL) կազմակերպությանը մշակել ճանապարհային սակագների համակարգ։ Նախատեսվում է, որ գումարը կախված կլինի ճանապարհի տարածությունից, ժամանակից եւ տեղանքից։ Նման ծրագրի գործարկումը շատ ժամանակ կպահանջի, իսկ գործող քաղաքապետի պաշտոնին գտնվելու երկրորդ ժամկետը ավարտվում է 2024թ. մայիսին։ Ուստի, քաղաքական գործիչը նաեւ խնդրել է TfL-ին մտածել վարորդներից վճար գանձելու ժամանակային միջոցների մասին։

Որպես այլընտրանք դիտարկվում են ամենօրյա վճարը ամբողջ երթեւեկության համար, ամենօրյա վճար 12,5 ֆունտ (մոտ 1,3 հազար ռուբլի) արտանետումների չափազանց ցածր մակարդակի գոտում (Ulez) երթեւեկության համար, ինչպես նաեւ Ulez ընդլայնում։ Հավաստիացվում է, որ էլեկտրամեքենաների եւ էկոլոգիայի համար անվտանգ մյուս մեքենաների տերերի վրա նոր կանոնները չեն տարածվի։

Էկոակտիվիստները պաշտպանել են Խանի պլանները, իսկ մեքենատերերը՝ քննադատել։

Royal Automobile Club (RAC)-ի ճանապարհային ոստիկանության ղեկավար Նիկոլաս Լայեսը կարծում է, որ քաղաքապետի առաջարկը կարող է ֆինանսական խնդիրներ առաջացնել մեքենա ունեցող լոնդոնցիների համար եւ «պատիժ» դառնալ նրանց համար, ովքեր էլեկտրամեքենա ունենալ չեն կարող։

2021թ. նոր կանոններ վարորդների համար մտցվեցին Փարիզում։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն սահմանափակել էր շարժման արագությունը քաղաքի որոշակի գոտիներում՝ 30 կմ/ժամ, արտանետումների նվազեցման նպատակով։ Մեքենատերերը բացասաբար են արձագանքել քաղաքական գործչի նախաձեռնությանը։