2022 թվականից գործարկվել է հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակը։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը։

Նա շեշտեց, որ այս տարվանից պետությունը հիփոթեքի մարման համար գումար կվերադարձնի միայն առցանց դիմածներին՝ այս հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով։

Նրա խոսքով` առցանց հայտ ներկայացնելու համար նրանք, ովքեր արդեն գրանցված են պորտալում, պետք է մուտք գործեն եկամտային հարկի վերադարձի դիմումի էջ եւ լրացնեն հաշվետու ժամանակաշրջանի տվյալները։

«Դիմում ներկայացնելով՝ շահառուն համաձայնում է, որ ծրագիրն ավտոմատ կերպով կստուգի նշված բանկային հաշվի վավերականությունը։ Նրանք, ովքեր դեռ չեն գրանցվել, կարող են լոգինի եւ գաղտնաբառի ընտրության հղում ստանալ երեք եղանակով. կամ այցելելով սպասարկման գրասենյակ, կամ ուղարկելով տվյալներ էլեկտրոնային փոստով (հասցեները նշված են ՊԵԿ կայքում), կամ էլեկտրոնային ստորագրությամբ դիմում ներկայացնելով»,- նշեց Հովսեփյանը։

Նոր համակարգով՝ նախկին մի քանի շաբաթվա փոխարեն եկամտահարկի գումարը, ինչպես պարզաբանեց պաշտոնյան, վերադարձվում է դիմումը ներկայացնելուց մի քանի ժամ հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Նա հայտնեց, որ այս տարվա սկզբից շահառուների թիվը 2346 է կազմել, ովքեր ընդհանուր 1 մլրդ դրամ գումար են ստացել:

«2020 թվականին շահառուների թիվը 12322 էր, վերադարձվել է 13.3 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին 21000 շահառուի վերադարձվել է 22.7 մլրդ դրամ։ Այս տարի ավելի շատ շահառուներ կլինեն, համակարգը պատրաստ է նման ծանրաբեռնվածության, դա հեշտացնում է ՊԵԿ-ի եւ քաղաքացու կապը, արագացնում է գործընթացը։ Այն դեպքերում, երբ բնակարանը մի քանի համավարկառու ունի, ծրագիրը նախ գումարը կվերադարձնի առաջինը դիմածին»,- եզրափակեց Հովսեփյանը: